Թումանյանների հյուրասենյակը զարդարող հոլանդական դպրոցի գեղանկարների, հայ արվեստագետների ստեղծագործությունների կողքին իր ուրույն տեղն ունի ֆրանսիական մշակույթի մի գեղեցիկ նմուշ: Հյուրասենյակի անկյուններից մեկում՝ բարձր պատվանդանի վրա կարելի է տեսնել ֆրանսիացի քանդակագործ Մատյուրեն Մորոյի«LA BECQUÉE»(«Թռչնակի կերակրում») աշխատանքը:
Քանդակագործ Մատյուրեն Մորոն աշխատել է 19-րդ դարի ավանդական ակադեմիական ոճով: Նա Ֆրանսիայում հայտնի քանդակագործների տոհմից էր: Նրա հայրը՝ Ժան-Բատիստ Մորոն (1797-1855), քանդակագործ-արհեստավոր էր Ֆրանսիայի Դիժոն քաղաքում, որը ներշնչված միջնադարյան ֆրանսիական մանրաքանդակագործությամբ, որոշեց իր երեք որդիների՝ Մատյուրեն Մորոյի (1822-1912), Հիպպոլիտ-Ֆրանսուա Մորոյի (1832-1927) և Օգյուստ Մորոյի (1834-1917) ճակատագրերը՝ ուղարկելով նրանց Փարիզում սովորելու: Հետագայում, արդեն Օգյուստ Մորոյի որդիների՝ Լուի-Օգյուստի և Հիպոլիտ-Ֆրանսուայի կողմից ստեղծվել է «L&F Moreau» արհեստանոցը: Այդ ժամանակ Մորոյի թոռներն արդեն սկսել էին սովորել ընտանեկան հմտություններ:
Մորո եղբայրներըսովորում են Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայում այնպիսի ճանաչված վարպետների մոտ, ինչպիսիք են Կլ. Ռամեն, Ա. Դյումոնտը, Ա. Միլեն և Պ. Թոմասը: 1860-ական թվականներից ի վեր, եղբայրներից յուրաքանչյուրի աշխատանքը ցուցադրվում էր Փարիզի և Եվրոպայի լավագույն ցուցահանդեսներում՝ փառաբանելով Մորո գերդաստանը և հանրաճանաչ դարձնելով նրանց դեռևս կենդանության օրոք: Երեք եղբայրները նկատելի հետք են թողել ֆրանսիական քանդակագործության զարգացման և «Art Nouveau» ոճի մեջ: Նրանց աշխատանքներում հիմնական շեշտը դրվեց ինտերիերային քանդակագործությանը. Օգյուստը ամենից հաճախ աշխատում էր քարով, իսկ Հիպոլիտն ու Մատյուրենը համբավ գտան բրոնզի ձուլման ոլորտում: Մատյուրեն դարձավ կառավարության կողմից հանձնարարված բազմաթիվ արձանների և հուշարձանների հեղինակ, Փարիզի սալոնի ցուցահանդեսների կանոնավոր մասնակիցը (1848 թվականից)՝ ստանալով բարձր պարգևներ իր ստեղծագործությունների համար, մասնավորապես՝ Պատվո լեգեոնի սպայի կոչում, իսկ 1897-ին Փարիզի Սալոնի (Ֆրանսիայի արվեստի Ակադեմիա) Պատվո մեդալ: Նա ընտրվեց Փարիզի 19-րդ շրջանի քաղաքապետ և պաշտոնավարեց մինչև իր մահը՝ 1912-ի փետրվարի 14-ը:
Մատյուրեն Մորոյի գործերը գտնվում են Քենի, Դիժոնի, Ռեյմսի թանգարանային հավաքածուներում և Փարիզի դեկորատիվ արվեստների թանգարանում:
Փարիզյան ստուդիան իրավունք ուներ վերարտադրելու Մորո եղբայրներից յուրաքանչյուրի ամենատարածված մոդելները, ինչպես նաև ստեղծելու իր բնօրինակ քանդակները: Յուրաքանչյուր այդպիսի օրինակն ունի իր ստորագրությունը` հիմքի վրա փորագրված «Մորո» անունը, որը ծառայում է որպես իսկության, որակի և ոճի միակ ճշմարիտ վկայագիր: Մ. Մորոն, ով իր պատանեկության տարիներին կատարելագործվելու փորձաշրջանային ուղևորություն էր կատարել Իտալիա, լավ գիտեր քանդակագործության դասական ժառանգությունը և արդյունավետ օգտագործեց դրանք իր գործերում: Հեղինակի ստորագրությամբ իսկական քանդակը ոչ միայն նրբաոճ ինտերիերի հազվագյուտ ձևավորում է, այլև վկայում է բացառիկ գեղարվեստական ճաշակի և հավաքածուի բարձր մակարդակի մասին:
Ներկայացվող առարկանհաստոցային քանդակագործությաննմուշ է, պատինավորված բրոնզից: Պատկերում է կենցաղային մի դրվագ՝ գեղջկուհի աղջնակը թռչուն է կերակրում: Նստած է կոճղի վրա՝ ոտաբոբիկ, ձախ ոտքը ծալած: Գլխին գլխաշոր է: Հագին երկար դարսերով կիսաշրջազգեստ է, լայն բացվածքով կարճաթև բլուզի վրայից անթև բաճկոնակ, որը առջևում կապված է քուղով: Բարձրացրած ձախ ձեռքի ցուցամատին՝ աղջկա շուրթերին հավասար, նստած է փոքրիկ թռչուն: Աջ ձեռքով բռնել է ծնկներին դրված կաղնու ճյուղի վրա հյուսված բույնը, որի մեջ թռչնի ձագ կա: Ոտքերի մոտ հյուսկեն զամբյուղի մեջ տափաշիշ ու անձեռոցիկ կա: Կոճղի վրա կողքից քանդակագործի մակագրություն է՝ «Math. Moreau»: Արձանիկը տեղադրված է կլոր պատվանդանի վրա և պտտվում է առանցքի շուրջ: Պատվանդանի ներքևի հատվածում ամրացված է բրոնզե տախտակ, վրան հեղինակի և քանդակի անունը. «LA BECQUÉE. MATHURIN MOREAU»:
Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 494/ ՀԲ 511:
Ձեռք է բերվել բանաստեղծի ընտանիքից՝ Ակտ N 106, 25/12-64 թ., գինը՝ 400 ռ.: